Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 3.2010

Ի՞նչ է ոչ շաքարային դիաբետը

Ի՞նչ է ոչ շաքարային դիաբետը

Ոչ շաքարային դիաբետը գլխուղեղի ենթատեսաթմբերի բջիջներում սինթեզվող և հակամիզամուղ հատկությամբ օժտված հորմոնի` վազոպրեսինի անբավարարությամբ պայմանավորված շատ հազվադեպ հանդիպող հիվանդություն է:

 

Վիճակագրական տվյալներով, 100000 մարդուց մեկն է տառապում այս հիվանդությամբ: Ոչ շաքարային դիաբետով հիվանդանում են թե' կանայք, թե' տղամարդիկ: 

 

Հիվանդության վաղաժամ նշաններն են արտազատվող մեզի օրական ծավալի մեծացումը (մինչև 5-6 լիտր), ծարավի արտահայտված զգացումը: Հիվանդը որքան հեղուկ է ընդունում, այնքան էլ կորցնում է մեզի ձևով: Հաճախակի դարձող գիշերամիզության պատճառով առաջանում են անքնություն, ընդհանուր թուլություն, ցերեկային ժամերին` քնկոտություն: Հիվանդները նախընտրում են սառը հեղուկներ ընդունել: Սովորաբար երկրագնդի շոգ գոտիների բնակչության շրջանում ի հայտ են գալիս երևույթներ, որոնք կապված են ամառային սեզոնում մեծ քանակությամբ ջուր պարունակող մրգեր, բանջարեղեն, հեղուկներ, զովացուցիչ ջրեր, հյութեր ընդունելու` ծարավը հագեցնելու անհրաժեշտության հետ: Սակայն դրանք հիվանդագին չափերի չեն հասնում և անցողիկ են: Այնինչ ոչ շաքարային դիաբետի ժամանակ այդ երևույթները զարգացող, շարունակական բնույթ են կրում, որի հետևանքով արտազատվող մեզի ընդհանուր քանակը կարող է հասնել մինչև 20 լիտրի: Հիվանդի վիճակը գնալով վատթարանում է, որովհետև օրգանիզմի ջրազրկմանը զուգընթաց հեռանում են չափազանց կարևոր` լուծելի նատրիումի, կալիումի աղերը, փոխելով բջիջներում և միջբջջային հյուսվածքային հեղուկներում աղերի բնականոն խտության ու օսմոտիկ վիճակի հավասարակշռությունը: Հիվանդությանը բնորոշ են գլխացավը, մաշկի արտահայտված չորությունը, հյուծվածությունը, թքարտադրության նվազումը, ստամոքսի իջեցումը և դրանց հետ կապված` մարսողական համակարգի գործունեության խաթարումները:

 

Վազոպրեսինն այն հորմոնն է, որի բավարար քանակով արտադրվելն օրգանիզմում կարգավորում է ջրային բալանսը, արյան և միջբջջային հեղուկների օսմոտիկ հավասարակշռությունը, որն անհրաժեշտ է նրա բնականոն գործունեության համար: Այլապես օրգանիզմը կդադարի գործելուց, քանզի եթե արյան պլազմայում օսմոտիկ ճնշումը բարձրանում է, առաջանում է ծարավի զգացում, և  խթանվում է  վազոպրեսինի սինթեզը, որի պատճառով նվազում է արտազատվող մեզի քանակը` պահպանելով հեղուկների օսմոտիկ բալանսն օրգանիզմում: 

 

Գոյություն ունեն վազոպրեսինի սինթեզը խթանող (միզարձակությունը զսպող) և ընկճող (միզարձակությունն ավելացնող) գործոններ: Խթանող գործոններն են արյան մեջ կալիումի և կալցիումի քանակության նվազումը և նատրիումի քանակության բարձրացումը, զարկերակային ճնշման անկումը, մարմնի ջերմաստիճանի բարձրացումը, նիկոտինը, ադրենալինը: Ընկճող գործոններն են` զարկերակային ճնշման բարձրացումը, մարմնի ջերմաստիճանի նվազումը, ալկոհոլը, իսկ դեղորայքից` կլոֆելինը, հալոպերիդոլը և այլն:

 

Բացի օսմոտիկ ճնշման կարգավորումից, վազոպրեսին հորմոնն օգնում է զարկերակային նորմալ ճնշման պահպանմանը, կարգավորում է որոշ հորմոնների արտազատումը, նպաստում արյան մակարդելիությանը և մասնակցում գլխուղեղում հիշողության պրոցեսների ձևավորման գործընթացին:

 

Ոչ շաքարային դիաբետը կարող է ունենալ գանգուղեղային կամ երիկամային ծագում: Մի դեպքում պատճառն ուղեղում վազոպրեսին արտազատող բջիջների գործունեության խանգարումն է, մյուս դեպքում` տարբեր ախտաբանական վիճակների հետևանքով երիկամային բջիջների զգայունության նվազումը վազոպրեսինի նկատմամբ: Վերջինիս դեպքում արտազատվում է մեծ քանակությամբ փոքր տեսակարար կշիռ ունեցող մեզ, որտեղ աղերի և այլ նյութերի քանակը խիստ նվազած է և, հակառակը, շատ է արտադրվող ջրի քանակը: Սա էլ ծարավի ուժեղ զգացում է առաջացնում:

 

Կենտրոնական ծագման ոչ շաքարային դիաբետի առաջացման հարցում մեծ դեր են խաղում ժառանգական գործոնները, ինչպես նաև կենտրոնական նյարդային համակարգի զանազան հիվանդությունները` չարորակ նորագոյացությունները, վարակական հիվանդությունները, սիֆիլիսը, իմունային և ուղեղի անոթային համակարգերի հիվանդությունները:

 

Ոչ շաքարային դիաբետը կարող է զարգանալ նաև գանգի և գլխուղեղի վնասվածքների, վիրահատությունների դեպքում: 

 

Հիվանդության բուժման նպատակով, որպես փոխարինող միջոց, կիրառվում է վազոպրեսինի սինթետիկ, կարճատև և երկարատև ազդեցությամբ տարբերակները: Նշանակվում է ածխաջրատներով հարուստ սննդակարգ, ինչպես նաև գերմիզարտադրությունը կանխող դեղամիջոցներ: 

 

Գլխուղեղի ուռուցքի առկայության դեպքում բուժումը վիրահատական է: Ոչ շաքարային դիաբետի ընթացքը երկարատև է և խրոնիկական բնույթ ունի: Ժամանակին հայտնաբերված և սկսված բուժման ելքը բարենպաստ է:

Հեղինակ. Հռիփսիմե Կռնատյան Առողջապահության ազգային ինստիտուտի դիաբետաբանության ամբիոնի դոցենտ
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2010
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. dietstol.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ